Նորություններ

Նոր մասնագիտական վերապատրաստման ծրագիր՝ հագուստի ոլորտի մասնագետների համար

Միջազգային առևտրի կենտրոնը (ITC)՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում կայուն ագրոբիզնեսի և հագուստի արժեքային շղթաների զարգացում» ծրագրի շրջանակում, «Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամի (TIOF) և ATEX Fashion Center-ի հետ համագործակցությամբ մեկնարկել է «Վերնաշապիկների և բլուզների կոնստրուկտավորման և արտադրության խորացված մասնագիտական վերապատրաստման» 8-օրյա դասընթացը։

Այս նախաձեռնությունը հանդիսանում է TIOF–ITC արդյունավետ համագործակցության կարևոր օրինակ՝ ուղղված Հայաստանի տեքստիլ և հագուստի ոլորտում մարդկային կապիտալի զարգացմանը՝ միջազգային չափանիշներին համապատասխան։

Դասընթացը վարում է ոլորտի միջազգային ճանաչում ունեցող փորձագետ Իրինա Տաննուս-Ֆիլիչկինան, ով հանդիսանում է «Müller & Sohn» գերմանական նորաձևության և դիզայնի ակադեմիայի պաշտոնական ներկայացուցիչ, WorldSkills միջազգային փորձագետ և Reiser Manufaktur-ի կոնստրուկտոր՝ ունենալով երկարամյա փորձ նորաձևության, դիզայնի և հագուստի արտադրության ոլորտում։

Ծրագիրը բաղկացած է երկու փուլից՝

• 5-օրյա դասընթաց՝ միջին մակարդակի մասնագետների և մասնագիտական կրթական հաստատությունների դասախոսների համար,

• 3-օրյա առաջադեմ մոդուլ՝ փորձառու մասնագետների համար։

Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթանում են «Müller & Sohn» մեթոդաբանությանը, ժամանակակից գործվածքներին, կարի և կոնստրուկցիայի առաջադեմ տեխնիկաներին, ինչպես նաև եվրոպական շուկայի պահանջներին՝ ապահովելով գործնական և կիրառական գիտելիքների զարգացում։

Սա առաջին համատեղ մասնագիտական վերապատրաստման ծրագիրն է, որն իրականացվում է ՏՈՕՀ, ITC և ԱՏԵՔՍ նորաձության կենտրոնի համագործակցության շրջանակում՝ նշանավորելով ոլորտում շարունակական կրթական նախաձեռնությունների մեկնարկը:
Made on
Tilda