Նորություններ

«Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամի ստեղծմանը նվիրված միջոցառում

Դեկտեմբերի 2-ին կայացավ «Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամի ստեղծմանը նվիրված պաշտոնական միջոցառումը, որը համախմբել էր պետական, մասնավոր և միջազգային կառույցների ներկայացուցիչներին։

Հիմնադրամը ստեղծվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի», Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Հայաստանի ներդրումային խորհրդի աջակցությամբ։

Միջոցառմանը մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյան-ը, ով իր ելույթում ընդգծել է տեքստիլ արդյունաբերության ռազմավարական նշանակությունը Հայաստանի տնտեսության համար՝ նշելով, որ ոլորտն ունի մեծ ներուժ ինչպես արտահանման, այնպես էլ ավելացված արժեքի ստեղծման տեսանկյունից։ Նա նաև նշել է, որ ոլորտի կայուն զարգացումը պահանջում է համակարգված մոտեցում, նորարարական լուծումներ և պետություն-մասնավոր համագործակցության արդյունավետ մեխանիզմներ։

Նախարարի տեղակալի խոսքով՝ Կառավարության 2025 թվականի հուլիսի 24-ի որոշմամբ ստեղծված հիմնադրամը բխում է տեքստիլ ոլորտի զարգացման ռազմավարությունից և միտված է ապահովելու ոլորտի շարունակական և համակարգված առաջընթացը։

Միջոցառման ընթացքում ՏՈՕՀ տնօրենի ժ/պ Էրիկ Մինասյան-ը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով հիմնադրամի առաջիկա ծրագրերը, ռազմավարական ուղղությունները և տեսլականը՝ միտված ոլորտի համակարգված զարգացմանը և միջազգային մրցունակության բարձրացմանը։


Ներկայացվել են նաև հիմնադրամի ստեղծման գործընթացը, նպատակները, կառավարման մոդելը և առաջիկա ծրագրերը՝ ուղղված տեքստիլ արդյունաբերության մրցունակության բարձրացմանը, շուկաների դիվերսիֆիկացմանն ու հայկական բրենդների զարգացմանը։

Միջոցառման շրջանակում կազմակերպվել է պանելային քննարկում, որի ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտի զարգացման հեռանկարներին, տեխնոլոգիական արդիականացմանը, արտադրողականության բարձրացմանը և միջազգային շուկաներ մուտք գործելու հնարավորություններին։

Միջոցառմանը ներկա են եղել նաև Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլ-ը, ինչպես նաև ֆինանսական, մասնավոր և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։
Made on
Tilda